HRW․ «Թուրքիան խախտում է մարդու իրավունքների կոնվեցիաները»

Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, անդրադառնալով Թուրքիայում վերջին երկու օրերին տեղի ունեցածներին, նշել է, որ դրանք ցույց են տալիս, թե երկրում ճնշուներն ինչքան են ուժգնացել։

Անդրադառնալով «Ջումհուրիյեթ» օրաթերթի աշխատակիցների ձերբակալություններին, վերջին օրերին փակված լրատվամիջոցներին և Դիարբեքիրի համաքաղաքապետերի կալանավորման դեպքերին՝ Human Rights Watch-ը դրանք կապել է թուրքական կառավարության և Թուրքիայի նախագահի կողմից իրականացվող ճնշումների խորացման հետ։ «Թուրքիայի վերջին անկախ ընդդիմադիր պարբերականներից մեկի՝ «Ջումհուրիյեթ»-ի դեմ ներկայացված «անհիմն» մեղադրանքները ցույց են տալիս, թե Թուրքիայի կառավարության և նախագահի կողմից կիրառվող ճնշումներն ինչքան են խորացել»,- նշված է Human Rights Watch-ի հայտարարության մեջ։ «Հեղաշրջման փորձից հետո 160-ից ավել լրատվամիջոց է փակվել։ Դաժանորեն չլռեցված միայն մի քանի ընդդիմադիր ձայներ են մնացել։ Ընտրված քաղաքապետերի կալանավորումը և անկախ լրատվամիջոցների դեմ իրականացված հարձակումները մտածելու տեղիք են տալիս, թե արդյո՞ք Թուրքիան հաշվի է առնում ժողովրդավարության հիմնարար սկզբունքները, թե՞ ոչ»,- նշել է Human Rights Watch-ի Թուրքիայի ներկայացուցիչ Էմմա Սինքլեյր Վեբբը։

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ «Ջումհուրիյեթ»-ի դեմ իրականացվածներից մեկ օր առաջ 15 լրատվամիջոցներ են փակվել, որոնց մեծամասնությունը քրդական լրատվամիջոցներ են։

«Քուրդ ընտրազանգվածի կամքը հաշվի չի առնվում»

Դիարբեքիրի քաղաքապետերի կալանավորման հանգամանքը Human Rights Watch-ը հազարավոր քուրդ ընտրողների կամքի անտեսում է համարել։ Կազմակերպությունը հիշեցրել է, որ Գլուլթան Քըշընաքը 2014թ․ ընտրություններում ստացել է ձայների 55 տոկոսը՝ դառնալով Դիարբեքիրի քաղաքապետ և ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ համաքաղաքապետի պաշտոնը զբաղեցրել են կառավարության համար վստահելի անձիք։


«Հետաքննություններն ու դատական գործերը կամայական են»

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հիշեցրել է, որ տեղական ինքնակառավարման մասին ընդունված հրամանագրով Թուրքիայի հարավ-արևելյան 27 քաղաքապետարանում գործակատար է նշանակվել, իսկ աշխատանքից հեռացված այդ քաղաքապետերի ստացած ընդհանուր ձայների թիվը 1 միլիոն 959 հազար է։ 

Էմմա Սինքլեյր Վեբբը հայտարարել է․ «Գյուլթան Քըշընաքի և Ֆըրաթ Անլըի՝ առանց շոշափելի ապացույցների կալանավորումը դրամատիկ վկայությունն է նրա, որ Թուրքիան չի ընդունում հարավ-արևելյան շրջանների բնակչության՝ տեղական ինքնակառավարման մարմիններին ընտրելու իրավունքը»։

Human Rights Watch-ի հայտարարության մեջ հիշեցվել է, որ Թուրքիան Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության՝ ԵԱՀԿ և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մասն է կազմում։

Հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում հայտարարված արտակարգ իրավիճակով այս համաձայնագրերի որոշ դրույթներ ժամանակավորապես չեղյալ են հայտարարվել։ Հայտարարության մեջ նշվում է, որ այդ ամենից հետո տեղի ունեցածները ոտնահարում են մարդու իրավունքները։ Հայտարարության մեջ նաև ասվում է, որ Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները խախտում են «խոսքի ազատության, արդարադատության մատչելիության, անվտանգության և մի շարք այլ մարդու իրավունքներ»։