Գիտէ՞ք ինչ մտածեցի. մեր մեծերը, օրինակ, Ազնաւուրը (երգ), Սարոյեանը (գրականութիւն), Փարաճանովը (կինօ), Ենգիբարովը (կրկէս) չէին ապրում Հայաստանում, բայց արի՛ ու տես, որ Հայաստանը դառնում է մեր մեծերի երկիրը։ Ոչ թէ «գնա մեռի, արի սիրեմ» սկզբունքով, այլ պարզ, անմահական, այսինքն «Դու երբե՛ք չես մեռնի, դու կը դառնաս Հայաստան»։ Միայն Հայաստանում կայ գեղագիտութեան առումով աննկարագրելի Փարաճանովի թանգարան։ Միայն Երեւանում այսուհետ կարելի է այցելել Շառլ Ազնաւուրի թանգարան-մշակութային կենտրոնը, որը բացուեց ֆրանկոֆոնիայի օրերին (7-12 Հոկտեմբեր)…
Իսկ երբ 1972- ին Մոսկուայում դադարեց բաբախել կրկէսային արուեստի զարդ հանդիսացող ծաղրածու, մնջախաղի մեծագոյն վարպետ (ես կասէի մնջախաղի պոէտ) Լեոնիդ Ենգիբարովի սիրտը, ապա նոյն թուականին Երեւանում բացուեց Ենգիբարեանի անուան կրկէսային դպրոց-ստուդիան, որը հաւաքում, կրթում եւ աճեցնում է (անվճար) տաղանդաւոր պատանիներին՝ կրկէսի հարթակի համար, ունենալով աչքի առաջ Ենգիբարով լեգենդին։ Այդ դպրոց-ստուդիան, թատերական ինստիտուտը, որտեղ կայ կրկէսային բաժին, վերջապէս, ինքը կրկէսը իր աննկուն ընթացքով, որը երբեք չնահանջեց, չդադարեցրեց իր գոյութիւնը նոյնիսկ ցուրտ ու մութ 90-ականներին՝ չնորոգուած եւ չյարմարուած նոր ժամանակների պահանջներին կրկէսային շէնքում… ուրեմն այդ ամէնը կապուած է մի անձի հետ, որի 70-ամեակը նշուեց Հոկտեմբերի 6-ին Արնօ Պապաճանեանի անուան ֆիլհարմոնիկի Փոքր դահլիճում։ Նրա անունն է Սոս Պետրոսեան։ Եւ այդ անուանը ես չեմ ուզում աւելացնել ո՛չ ՀՀ-ն մշակոյթի վաստակաւոր գործիչ, ո՛չ պրոֆեսոր, ո՛չ արուեստագիտութեան թեկնածու, որովհետեւ այսօր այդ անունը նշանակում է միմիայն Երեւանեան կրկէս հասկացութիւնը։ Հիմնելով «Երեւանեան կրկէս» կենտրոնը, նա դարձաւ ինքնին մարդ-կրկէս։ Արդէն վաղուց պարզել եմ. երբ ինչ-որ մէկը ստանձնում է որեւէ մի վիթխարի ազգային գործ, ապա գործը ինքն է ոգեշնչում, ուղղորդում եւ ապրեցնում ստանձնողին։ Կրկէսում նա աճպարար էր, ով հանդէս էր գալիս դհոլներով, սակայն աւարտելով Մոսկուայում թատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը, նա դառնում է հայկական կրկէսի գեղարուեստական ղեկավարը։ Աճեցնել, բեմադրել եւ լինել տաղանդաւոր արտիստների առաջին հանդիսատեսը։ Սոս Պետրոսեանը մերժել է արտասահմանեան բազմաթիւ առաջարկներ, կապուած կրկէսային խմբերի ղեկավարման հետ։ Չեմ կարող այս առիթով չյիշել մեծն Կոմիտասին, որը Պեռլինից յետոյ վերադարձաւ Հայաստան, մերժելով օփերայում երգելու արտասահմանեան առաջարկները։ Ահա կրկէսի բնագաւառում Սոս Պետրոսեանը հայոց աշխարհի Կոմիտասն է։ Մեր պատմութեան մէջ միշտ էլ ինչ-որ մէկի ուսերին է ընկնում փրկիչի բեռը։ Կրկէսը գոյատեւեց շնորհիւ Սոս Պետրոսեանի։ Իսկ բեռը թեթեւացնում է սէրը։ Սիրել ազգը քո սեփական անձից աւելի։ Այդ սէրը ստիպեց Սոսին զբաղուել ազգահաւաքութեամբ, եւ եթէ Երեւանը մի քանի ամիս յետոյ կ՚ունենայ կրկէսի ժամանակակից շէնք, եւ այդ շէնքի մէջ ելոյթ են ունենալու կրկէսի բարձրորակ արտիստներ՝ աքրոպատներ, լարախաղացներ, աճպարարներ, իլիւզիոնիստներ եւ ծաղրածուներ, ապա դրան մենք պարտական ենք միմիայն Սոս Պետրոսեանին։
Նա պատմում է, որ հայկական կրկէսային ստեղծագործական խումբը ստեղծուել է 1956–ին։ Մինչ այդ հայերը աշխատել են ռուսական, իտալական, գերմանական կրկէսային խմբերում, օրինակ, Վարդանովները, Մինասովները, Արզումանովը... Նրանք հանդէս էին գալիս –ով վերջաւորութեամբ։ Ի դէպ այդ նոյն Արզումանովը հաւաքեց հայկական կրկէսային խումբ։ Վերցրեց սպորտից 25-26 հոգի եւ պատրաստեց արտիստներ։ Մի քանի տարի յետոյ խմբին միացաւ Լեոնիդ Ենգիբարեանը։ 1963-ին նկարահանուեց «Ճանապարհ դէպի կրկէս» ֆիլմը՝ հայկական կրկէսի մասին.
- Ես չեմ սիրում հռչակաւոր, տաղանդաւոր, լեգենդար մակդիրները…Մեզ մօտ կրկէսում մի լեգենդ է եղել, դա Լեոնիդ Ենգիբարեանն էր։ Բայց մենք հազարաւոր արտիստներ ունենք, որոնց մասին կարելի է ասել նոյնը։ Օրինակ, Ստեփան Իսահակեան, ով ելոյթ էր ունենում «Քաջ Նազարի արկածները» ատրակցիոնով, որտեղ մասնակցում էին գետաձի Մանուկը (Իսահակեանը առաջինն էր, ով վարժեցրեց գետաձի), այծեղջիւրները, շիմպանզեները, վիշապները եւ թռչիւններից թութակները, սիրամարգերը, արագիլները…Երկրորդը Վլադիմիր Արզումանեանն էր, նա կրկէսի գմբեթից գլխիվայր իջնում էր ներքեւ։ Երրորդն էլ Ենգիբարեանն էր։
Սոս Պետրոսեանը ծնուել է Թիֆլիսում։ Պատանի հասակում, երբ Թիֆլիսում հիւրախաղերի է գալիս հայկական կրկէսը, նա մօտենում է Ենգիբարեանին եւ վերջինս, տեսնելով Սոսի հնարքները, խորհուրդ է տալիս ընդունուել Մոսկուայի կրկէսային ուսումնարանը. «Դու կը լինես երկրորդ հայը, որ ընդունուեց այդ ուսումնարանը»։ 1970-ին աւարտական քննութիւնից յետոյ արդէն ոչ թէ Սոսը մօտեցաւ Ենգիբարեանին, այլ մեծն Ենգիբարեանը (որն ի դէպ 35 տարեկան էր) մօտեցաւ նրան եւ յայտնեց, որ վերցնում է իրեն իր կրկէսային խումբը…Հէնց Ենգիբարեանն էլ ընտրեց Սոսի համար դհոլներով ելոյթը։ Հետագայում նոյն դհոլներով հանդէս եկաւ նրա որդին՝ երկրորդ Սոս Պետրոսեանը, որը տիրապետում էր նաեւ բալետային պլաստիկայով։ Այսօր նա միջազգային հարթակներում հանդէս է գալիս իր կնոջ՝ Վիկտորիա Պետրոսեանի հետ արագ փոխակերպում կամ տրանսֆորմացիա ժանրում (quick change), երբ 120 երկվայրկեանում Վիկտորիան 16 զգեստ է փոխում, իսկ 60 երկվայրկեանում՝ 12։ Սոս եւ Վիկտորիա Պետրոսեանների զոյգը 4 անգամ ընդգրկուել է Կինեսի գրքում որպէս աշխարհում ամենաարագ հանդերձաւորում։ Հոկտեմբերի 6-ին զոյգը ելոյթ ունեցաւ Սոս Պետրոսեան հօր 70 –ամեակին։ Չհասցրեց հանդիսատեսը ուշքի գալ նրանց ելոյթից, բեմ դուրս եկաւ Սոս Պետրոսեան երրորդը։ Մի՞թէ հրաշքից աւելի մեծ հրաշք կայ։ Մենք տեսանք մի աճպարարական հրաշք, որը շշմեցրեց ոչ միայն իր մասնագիտական հնարքի արագութեամբ, այլ շքեղութեամբ, որը պատեց ողջ դահլիճը հանդիսատեսի հետ հանդերձ։ 2012-ին նա 15 տարեկան էր եւ Հռոմում կայացած իլիւզիոնիստ-աճպարարների մրցոյթում յաղթեց թուով 110 միւս աճպարարներին, ստանալով գլխաւոր մրցանակը։ Իսկ այդ 110-ը ընտրուել էին 3000 թեկնածուներից, որոնք 60 երկրներից էին։ Սակայն Սոս երրորդից յետոյ բեմ դուրս եկաւ նրա եղբայրը՝ Տիգրան Պետրոսեան աճպարարը եւ ես հասկացայ, որ Ենգիբարեանից յետոյ մենք ունեցանք եւս մի պոէտ կրկէսում։ Իսկ պոէզիան դա այն է, ինչ մնում է, երբ մնացածը անցնում-գնում եւ նոյնիսկ գերազանցւում է։ Պոէզիան գերազանցել հնարաւոր չի։ Այն մրցակից չունի։
Ցաւօք, չկարողացայ պատմել երեկոյի միւս մասնակիցների մասին։ Դիտելով այդ համերգը, մենք հասկացանք, թէ որքա՜ն էինք կարօտել կրկէսը։ Մենք միշտ ունեցել ենք արուեստի այդ տեսակը, եւ այն կազմել է մեր կեանքի անբաժան մասը։
Սոս Պետրոսեանի 70 տարին նշեցինք։ Քի՞չ է դա թէ շատ։ Ամէն դէպքում դա նոր մեկնարկ է. իր համար, նրա շուրջ հաւաքուած արտիստների համար, հայաստանեան հանդիսատեսի համար, որը ամէն փոքրիկի հետ, լինի դա զաւակ կամ թոռ կամ ծոռ, կրկին վերադառնում է այս ուրախ անվախների աշխարհը, որպէսզի տեսնի ինքնիրեն անպարտելի։